«Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիացիան» և Քոաֆ Սմարթ կենտրոնը միասին իրականացրեցին զբոսավարների և ուղեկցորդների պատրաստման նախագիծ Լոռվա մարզում։ Դասընթացի տևողությունը՝ ս․թ․ օգոստոսի 15-ից սեպտեմբերի 19 էր։
Դիմում հայտերի և հարցազրույցի հիման վրա ընտրված մասնակիցները սկսեցին երեք շաբաթ տևողությամբ տեսական առցանց դասերը, որոնք վարում էին ասոցիացիայի և ոլորտի լավագույն մասնագետները։
Տեսական դասընթացները Հայոց պատմություն, Հայ Եկեղեցու Պատմություն, Աշխարհագրություն, Ճարտարապետություն, Բնագիտություն, Խաչքար թեմաներով էին։ Հատուկ ուշադրություն է դարձվել Լոռվա մարզին։
Այնուհետև հատուկ այս նախագծի համար մշակված մոդուլով, իրականացվեցին 10-օրյա ակտիվ գործնական պարապմունքներ, որոնց ընթացքում ապագա զբոսավարներն ու ուղեկցողները մասնակցեցին դիդակտիկ նյութերով հագեցած ինտերակտիվ վարժությունների, տեսան իրական շրջայցի օրինակ, որն անցկացվեց Օձունում և Հաղպատում: Շրջայցի ժամանակ մասնակիցները ծանոթացան զբոսավարի աշխատանքի բազմաթիվ նրբություններին:
Գործնական հատվածը ներառեց այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ զբոսավարության էթիկան, հռետորական արվեստ, հաղորդակցման հմտություններ, մեկնաբանման հմտություններ, դիրքավորում, շրջայցի պլանավորում, կազմակերպում և անցկացում, խմբի դինամիկա և կառավարում, արկածային տուրիզմ, կոնֆլիկտների կառավարում, գործընկերների հետ համագործակցություն, զբոսավարության հոգեբանություն, զբոսաշրջության մասին ՀՀ օրենք, զբոսավարության գործարար հմտություններ և շուկայավարում:
Կարևորելով տուրերի ընթացքում զբոսաշրջիկների անվտանգությունն ու զբոսավարի՝ տարբեր իրավիճակներում պատրաստ լինելու կարողությունը՝ մասնակիցներն ունեցան նաև առաջին օգնության ընդգրկուն դաս:
Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ նաև արկածային տուրերի դժվարություններին և անհրաժեշտ պատրաստվածությանը հրավիրված հատուկ հյուրի, արշավորդ, լեռնագնաց և արկածային զբոսաշրջության մասնագետ Գևորգ Գասպարյանի միջոցով, ով կիսվեց արկածային տուրիզմի իր փորձով, տվեց անգնահատելի խորհուրդներ՝ հիմնված իր տասնամյակների հարուստ փորձառության վրա, և պատասխանեց հնչեցված հարցերին։
Դասընթացի շրջանակներում իրականացվեց նաև երկու բոնուսային դաս՝
«Խաղողը և գինին հայկական մշակույթում» և «ՅՈՒՆԵՍԿՕ ժառանգության ներկայացումը զբոսավարի աշխատանքում»։
Գործնական պարապմունքները վարում էին ՊԶՀԱ նախագահ Յաշա Սոլոմոնյանը, ՊԶՀԱ ավարչության անդմաներ Անահիտ Ավագյանը, Անի Հայրյանը և Կատար Թասլակյանը։
Դասերի ավարտին մասնակիցները հանձնեցին տեսական և գործնական գիտելիքները ստուգող Տեսական թեստ, Զբոսավարի հմտություն (լսարանային) և Զբոսավարի հմտություն (գործնական) քննություններ։
Ավարտական վկայական տրվեց դասընթացները բարձր առաջադիմությամբ ավարտած, տեսական և գործնական քննությունները հաջողությամբ հանձնած մասնակիցներին, մյուս մասնակիցները ստացան մասնակցության վկայական։
Հոկտեմբերի 29-ին Վանաձորում կայացավ վկայականների հանձնման արարողությունը։