Հեռվից սիրելու «արվեստը» մոտիկը կորցնելու սովորություն է դառնում։ Մերը չճանաչելու անհոգությունը մերը կորցնելու պատճառ է դառնում։ «Հայրենասիրություն», «մերն է», «մերը չէ», «տվեցին», «ծախեցին» արտահայտությունները վերջին շրջանում շատերիս կողմից հաճախ չարչրկվող արդարացումներ են դարձել։ Քաղաքական վերլուծություններ անելու հարցում վարպետ ենք, հետևություններ անելու հարցում՝ զուտ տեսաբան։ Բա գործ ո՞վ անի, ո՞վ տեր կանգնի այն ամենին, ինչ կա ու մնացել է։ Այստեղ կարող ենք դնել բազմակետ․ մտածում ենք՝ ախր վտանգավոր է, սիրտս չի դիմանա, որ տեսնեմ օտարի դրոշները, ախր հազարավոր տղերքի կյանքի անավարտ պատմության մեղավորները ․․․ Ախր՝ հետո՞, հետո ի՞նչ ենք անում, ո՞նց է լինելու․․․ Լինելո՛ւ է , երբ լինի եղածը պահելու իմ ու քո վճռականությունը։ Մենք որոշեցինք, գնացինք, մեր աչքով տեսանք իրականությունը․․․ Կյանքը չի շարունակվում այնպես, ինչպես որ կար 30 տարի առաջ, շարունակվում է այնպես, ինչ եղավ ութ ամիս առաջ տեղի ունեցածից հետո։ Ցավ կա, մե՜ծ ցավ կա, ու դրան զուգահեռ ցորենի բերքառատ դաշտերից բերքը հավաքող գյուղացին կա, խաղողի խնամված այգիները կան, արևածաղկի դաշտերն ու սարերը, անտառները կան, աղմկոտ զբոսաշրջիկների ուշադրությանը սովոր բնության հուշարձանները, վանքերը կան, մարդիկ կան․․․ Կա՛, կա՛ այն իրականությունը, ինչ կա։ Կլինի այն հետո-ն, ինչն իսկապես կգնահատենք ու կպահենք, բայց պահելու համար նախ պիտի ճանաչենք, որ տեր լինենք, ճանաչենք, որ չբաժանենք, չբաժանվենք, չծաղրենք, որ պատմության կողմից ծաղրի առարկա չդառնանք․․․
․․․․ՊԶՀԱ վարչությանը հուլիսի 3-4-ը նախաձեռնել էր ուղևորություն հետպատերազմյան Արցախ։ Առաքելությանը միանալ ցանկացողները շատ էին։ Տարբեր պատճառներից ելնելով մեզ միացան 19-ը զբոսավար։ Գնացինք։ Պիտի խոստովանեմ, որ երբեք, ոչ մի ուղևորությունից առաջ այդքան ծանր գիշեր չեմ անցկացնել։ Միտքս կռիվ էր տալիս․ որոշումը կայացրել էի, բայց վախ կար, որ չեմ դիմանա այն ամենին, ինչի մասին լսել եմ ու դեռ մի բան էլ իմ աչքով պիտի տեսնեմ։ Առավոտյան գործընկերներով ժամադրվել էինք Հանրապետության հրապարակում։ Ողջագուրվելուց հետո զրույցի թեմաները տարբեր էին։ Խոսեցինք հազար ու մի բանից, բայց ոչ Արցախից․ ամեն մեկի մտքում հավանաբար նույն գիշերային մտքի կռիվ էր, որից խուսափում էինք խոսել։ Ճամփա ընկանք։ Զբոսավարները շատ են խոսում, (ասածս նորություն չէ))), բայց երբ զբոսավարը «զբոսաշրջիկ» է մի տեսակ այլ զգացողություններով է կլանում ճանապարհին տեսածը (երբ պատմում ես զբոսաշրջիկին, ուշադրությունդ քեզ լսող աչքերին են): Արարատը բարեհաճ էր․ մեզ բացվեց ողջ հմայքով։ Խաղողի փարթամ այգիները աշնանը լավ գինու մասին էին հուշում։ Դեպի Արցախ տանող մարզերի ռելեֆը տակնուվրա է անում ներսդ․ սարերից եկող էներգիայի ավելցուկը ամբարում ես հիշողությանդ դարակներում։
Գորիսից սկսած բոլորիս ներսում սկսվեց դողը․ ․․
Մեզ ողջունող Արցախի ցուցանակի մոտ դողն անցավ․ սպասվող իրականության պատկերացումը, որոշակի պատկերներով հանդեձ, անորոշ էր։

Մտանք Արցախ։ Խաղաղապահների ներկայությունը երկակի զգացողություն առաջացրեց։ Հաջորդ անցակետերում մի քիչ սովորական դարձավ․ մենք գիտեինք փաստի մասին։ Ծանրը «հեռվում» մնացած Շուշին էր՝ Շուշա ցուցանակով, օտար դրոշով, օտարի մասնակի ներկայությամբ և մեր ապրածի ցավի հետևանքներով։
-Հիմա մերոնք ո՞ր մասում են․․․
Ամենից հաճախ հնչող հարցերն այս համատեքստում էին․․․
Եթե մեծ եռանդով իրար չբաժանեինք սև-սպիտակի, մերոնց-ձերոնց, արցախցի-հայաստանցի, հնի ու նորի , այլ ճանաչեինք մերը, շատ բաներ գուցե այլ ընթացք ունենար։
Իրականության հետ առերեսվելու վախն անցավ․ հիացմունքն ու կարոտն ավելի ուժեղ էին։
Գանձասարը մեզ սպասում էր։Մշտապես զբոսաշրջիկներով լիքը բակը սակավամարդ էր։ Դեմքով եկեղեցու պատին դիպչելու այնքա՛ն մեծ ցանկություն կար, որ ոտքերս դողում էին։ Տեղի էներգետիկան այնպիսի ուժ ունի, որ անգամ այլադավանները, աթեիստներն ու հեթանոսները համալիրով հիանալու բաներ հաստատ գտնում են։ Իհարկե՛ , էլ ինչ զբոսավար, որ պահը բաց թողնի ու ավելին իմանալու համար չտանջի գործընկերողջը։ Ռուբենը «գերի» էր ընկել)): Գանձասարում մկրտության արարողություն էր տեղի ուենում․․․
Վանք գյուղի տակ արցախյան համեղ ժինգյալով հաց թխողներից Սուսանի տաղավարը դատարկ էր ( պատերազմի օրերին Երևանում էր իր գործն անում։ Ժամանակի սղության պատճառով չհասցրինք ճշտել, թե որտե՞ղ է հիմա): Հոգնել էինք, բայց դեռ պիտի Հակոբավանք բարձրանայիք։ Ես ու Փառանձեմը չձգեցինք բարձունքը և մնացինք վայելելու Քոլին տակ գյուղի լռությունը։ Ռուբենն իր ֆեյսբուքյան հրապարակմամբ գեղեցիկ նկարագրել է Հակոբավանքի պատմությունը և նշանակությունը Արցախի հոգևոր կյանքում։ Ով՝ հոգնած, ով ՝ խաղաղված ուղևորվեցինք Ստեփանակերտ։ Ընկերովի մի բան ուտելու որոշում կայացրինք, իսկ հետո տեղի հայտնի փաբում ունեցանք ոչ ֆորմալ հանդիպում Արցախի զբոսաշրջության վարչության ղեկավար Գևորգ Առաքելյանի հետ։ Խոսեցինք ներքին զբոսաշրջությունն ակտիվացնելու մասին, քայլերի ու հայցեակարգերի մասին, որոնք կակտիվացնեն ՀՀ-ից զբոսաշրջիկների հոսքը դեպի Արցախ։
Գիշերային Ստեփանակերտով մոտ երեք կիլոմետր ոտքով քայլելով հասանք հյուրանոց։ճանապարհին խոսում էինք Արցախի հետ կապված մեր հիշողություններից, զբոսաշրջիկների հետ կապված զավեշտալի պատմություններից։ Հաջորդ օրը շարունակեցինք մեր առաքելությունը։
Լույսը «Դեդո-բաբո»-ի հետ բացվեց, հետո կարճ կանգառ ունեցանք Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում։ Ճարտարում կյանքն ընթանում էր հանդարտ հունով։ Մարդիկ այգի էին մշակում, երեխաները վազվզում էին փողոցներում։ Քաղաքի մշակույթի պալատը շատ ծանոթ թվաց։ Ես չգիտեի, որ շենքի նախագծի հեղինակը Ալ․ Թամանյանի որդին է՝ Գևորգ Թամանյանը։ Փաստորեն ճարտարցիներն իրենց կոկիկ «օպերան» ունեն։

Խազազ և Լուսավորիչ սարերի միջև ընկած գոգավորությունում ծպտված Արցախի մյուս հոգևոր կենտրոններից մեկում՝ Ամարասի վանքում, վերականգնողական աշխատանքներ էին տեղի ընթանում։ Խաղաղապահների ներկայությունը մեզ չկաշկանդեց։ Լուռ իրենց գործն էին անում, բայց հետաքրքրված հետևում էին, երբ իմացան, որ զբոսավարներ ենք։ Կարճ զրույցի բռնվեցինք (առիթը բաց չթողեցի ու համառոտ ներկայացրի վանքի պատմությունը և կարևորությունը): Մի բան հասկացա՝ ինչքան շատ գնանք, ինչքան մեծ խմբերով գնանք, այնքան քիչ կլինի պատմությունը մեզանից օտարելու օտարի հնարավորությունը։
Մեր Հակոբը սիրով համաձայնեց մեզ հասցնել Սխտորաշեն գյուղի Տնջրի (ծրագրում ներառված չէր)։ Ես առաջին անգամ էի 2040- ամյա այդ հսկայի մոտ։ Տպավորիչ էր։
Ժամանակը շատ արագ թռավ՝ իր հետ տանելով մեր վախերը։ Ապրածի ցավը մի քիչ մեղմվեց, բայց երբեք չի մոռացվի։ Այս ուղևորություն-թերապիայի գաղտնիքը մեզ համար իրականության հետ առերեսվելն էր, եղածից հետևություն անելն ու հայի բախտն անիծելու անօգուտ հոգոցներից վեր կանգնելն էր, մեր վիրավոր Արցախը մենակ չթողելու, չվախենալու, եղածը պահելու որշում կայացնելն էր։ Ես էլի կգնամ, հաճախ կգնամ, մենք կգնանք, մեզ հետ կտանենք մարդկանց, կտեսնեն, կսիրեն, կգնահատեն, որպեսզի միայն քարտեզով Արցախի անունն իմացողները գիտակցեն, թե ի՞նչ է մեզ համար Արցախը, ի՞նչ գին է վճարվել ու ի՞նչ կլինի, եթե շարունակենք իրար բաժանել ըստ հեռու-մոտիկ, կարևոր-անկարևոր շրջանների․ երբ թույլ ենք տալիս ուրիշներին գծել մեր արժեքների ու ազատության սահմանները, միշտ ավելի նեղ են գծում։