Ս.թ ապրիլի 25-ին «Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան» «Էյ Թի Փի»-ի (Armenia Tree Project) հետ համատեղ իրականացրեց ծառատունկ-շրջայց։ Միջոցառմանը մասնակցեցին ինչպես ասոցիացիայի անդամ զբոսավարներ, այնպես էլ զբոսաշրջության ոլորտի այլ աշխատակիցներ։
1994թ.-ից մինչ այժմ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը տնկել է ավելի քան 5700000 ծառ: «Էյ Թի Փի»-ն Հայաստանում ծառատունկ իրականացնող խոշորագույն կազմակերպություններից է, որն իր գործունեության 25 տարվա ընթացքում հաջողությամբ հիմնադրել է 4 տնկարան, երկու բնապահպանական կրթական կենտրոն և կանաչապատել հանրային տարածքներ Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում: Կազմակերպությունը նաև աշխատատեղերով է ապահովել հարյուրավոր մարդկանց և կենսական նշանակության միջոցներ տրամադրել հազարավոր գյուղաբնակների:«Էյ Թի Փի» -ի Կարին գյուղի տնկարանում Սամվել Ղանդիլյանը՝ ով տնկարանի պատասխանատուն է, միջոցառման մասնակիցներին ծանոթացրեց տնկարանում բազմացվող տարբեր ծառատեսակների հետ:
Մասնակիցներին ընձեռվեց հնարավորություն՝ ծանոթանալ տեղական, էնդեմիկ, էկզոտիկ և վտանգված բույսերի, այնուհետև այցով եղան Օհանյան բնապահպանական կենտրոնում:
Միջոցառման ընթացքում մասնակիցներին ուղեկցում էր նաև «Էյ Թի Փի» ներկայացուցիչ Անի Մելքոնյանը, ով սիրով ներկայացրեց «Էյ ԹիՓի»-ի ծրագրերն ու նախագծերը։Այցելության ավարտին «Էյ Թի Փի»-ի կողմից Հայաստանում տնկված շուրջ 6 միլիոն ծառերին մեր մասնակիցներն ավելացրին ևս մի քանիսը՝ մասնակցելով խորհրդանշական ծառատունկի:
Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել «Էյ Թի Փի»-ին այս հետաքրքիր ու կարևոր միջոցառման համար, ինչպես նաև բոլոր մասնակիցներին, ովքեր չնայած զբոսաշրջային թեժ սեզոնին՝ իրենց ժամանակը տրամադրեցին ինքնակրթության ու Հայաստանը մի քիչ ավելի կանաչ դարձնելու համար։
Նյութի հեղինակ՝ Կատար Թասլակյան
Լուսանկարները՝ Վահագն Հովհաննիսյան
Անի Մելքոնյան
Յաշա Սոլոմոնյան