Ս․թ․ դեկտեմբերի 3-ին “Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիայի” ներկայացուցիչները հրավիրվել էին Երևանի քաղաքապետարան՝ քաղաքում զբոսաշրջության զարգացման հեռանկարներն ու խնդիրները քննարկելու։
Հանդիպմանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի զբոսաշրջության բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, բաժնի աշխատակիցներ, ավագանու անդամներ։

Հանդիպման ընթացքում ներկայացվեց Երևան քաղաքում իրականացված և ընթացիկ զբոսաշրջային նախագծերն ու նախատեսված աշխատանքները։

ՊԶՀԱ անդամները ներկայացրեցին այն խնդիրները, որոնք առկա են Երևան քաղաքում, և որոնք խոչընդոտ են հանդիսանում զբոսաշրջության զարգացման հարցում։

Քննարկվեցին ավտոկայանատեղերի սղության խնդիրը, փողոցների լուսավորության, մայթերի անհարթության խնդիրները, որոնք երբեմն բարդություններ են առաջացնում զբոսաշրջիկների համար։ Բարձրացվեց ենթակառուցվածքների զարգացման և կատարելագործման հարցը, ինչպես նաև Երևան քաղաքին օդ ու ջրի պես անհրաժեշտ միջին կարգի հյուրանոցների սղության հարցը։

Հատուկ անդրադարձ կատարվեց Երևան քաղաքում Զբոսաշրջային Ոստիկանության հատուկ ստորաբաժանման ստեղծման և զարգացման անհրաժեշտությանը, քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում զբոսաշրջության ոլորտի աշխատակիցներն ավելի ու ավելի հաճախ են բախվում մայրաքաղաք ժամանած հյուրերի անվտանգության սպառնացող խնդիրներին, մասնավորապես գողություններին ու գրպանահատություններին։

Այս և մնացյալ հարցերով առաջարկվեցին խնդրի լուծման տարբերակներ։

ՊԶՀԱ նախագահ Յաշա Սոլոմոնյանը վերահաստատեց կառույցի պատրաստակամությունը՝ աջակցելու քաղաքապետարանին բարձրացված բոլոր խնդիրների լուծման հարցում, ներդնելու կազմակերպության մասնագիտական ամբողջ ներուժը՝ ի նպաստ մայրաքաղաքի զարգացման։

ՊԶՀԱ վարչություն

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի, 2019