Փետրվարի 21-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Զբոսավարների միջազգային օր։
Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան այս տարի ևս կազմակերպել էր միջոցառումների գեղեցիկ շարք՝ նվիրված Զբոսավարների միջազգային օրվան: Միջոցառումների մեկնարկը տրվեց փետրվարի 20-ին Holiday Inn հյուրանոցում կայացած «Զբոսաշրջությունը քովիդյան և հետպատերազմյան Հայաստանում. վերլուծություններ, կանխատեսումներ» թեմայով համաժողովով, որին ներկա էին բազմաթիվ հյուրեր, զբոսաշրջության ոլորտում աշխատող գործընկերներ:
Ողջույնի խոսքով հանդես եկան ՊԶՀԱ փոխնախագահ Զ.Օրբելյանը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և զբոսաշրջության վարչության տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:
Տեսաուղերձով զբոսավարներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեց Զբոսավարների եվրոպական ասոցիացիաների ֆեդերացիայի (FEG) նախագահ Էֆի Կալամպուկիդուն, որին անդամակցում է ՊԶՀԱ-ն։
ՊԶՀԱ վարչության անդամ Ա.Ավագյանը ներկայացրեց վերլուծություն՝ «Քովիդի բացասական ազդեցությունը համաշխարհային զբոսաշրջության վրա» թեմայով՝ հիմնված ՄԱԿ-ի Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության ներկայցրած տվյալների և հաշվետվությունների վրա:
Այնուհետև ծավալվեց հետաքրքիր քննարկում հրավիրված բանախոսների և ոլորտի մասնագետների միջոցով։ Բանախոսների թվում էին ռեժիսոր, դերասան, ինովատիվ ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտի փորձագետ, «Նախագիծ 301: Հայաստան՝ իմաստունների երկիր» ծրագրի նախաձեռնող Պյոտր Նեմոյը: «Մեջիք Ռոուդս» ՍՊԸ տնօրեն Սաթենիկ Մանուկյանը,ՊԶՀԱ նախագահ Յաշա Սոլոմոնյանը, Adwise Consulting ընկերության Մարքեթինգի և հաղորդակցության գործընկեր Նունե Մելքումյանը , ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի զբոսաշրջային արդյունքի զարգացման փորձագետ Անահիտ Ոսկանյանը:
Ժամը 14:00-ից մինչև երեկո Հանրապետության Հրապարակից Busvoyage ընկերության տրամադրած ավտոբուսներով ՊԶՀԱ զբոսավարների ուղեկցությամբ սկսվեց «Արի՜, գնանք Երևան» անվճար քաղաքային տուրերը երևանցիների համար, որին մասնակցեցին ավելի քան 200 քաղաքացի: Անչափ ոգևորիչ էին մեր համաքաղաքացիների ջերմ արձագանքները: Այս գեղեցիկ նախաձեռնությունը ևս առաջինն էր իր տեսակի մեջ և իրականացվում էր Երևանի քաղաքապետարանի մշակույթի և զբոսաշրջության վարչության աջակցությամբ:
Օրվա ընթացքում ՊԶՀԱ –ի զբոսավարների համար հատուկ միջոցառում-այց էր կազմակերպել Երևանի պատմության թանգարանը։
Միջոցառումների շարքի ոչ ֆորմալ մասն իրականցվեց C.View բար – ռեստորանում ՝ ՊԶՀԱ անդամների և հյուրերի համար կազմակերպված երեկույթի շրջանակներում։
Մենք վստահ ենք, որ միասին կկարողանանք դիմակայել բոլոր մարտահրավերներին և լիահույս ենք, որ առաջիկայում զբոսաշրջության ոլորտը ակտիվորեն կվերականգնվի, այդ թվում՝ բոլորիս համատեղ ու նվիրված ջանքերով։
Շնորհակալություն մեր գործընկերներին՝ միջոցառումների իրականացման գործում մեզ ակտիվ աջակցելու համար՝ Երևանի քաղաքապետարանի զբոսաշրջության և մշակույթի վարչությանը, Holiday Inn Yerevan — Republic Square հյուրանոցին, Busvoyage տրանսպորտային ընկերությանը, Արեգա ռեստորանին: