ՊԶՀԱ-ն, հավատարիմ մնալով իր կանոնադրական և գաղափարական նպատակներին, արդեն 7 տարի է՝ իրականացնում է տարատեսակ նախաձեռնություններ, իր անդամ զբոսավարների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու, պրոֆեսիոնալիզմը բարձրացնելու նպատակով։
Անցնող տարիներին տարբեր տեղական թանգարանների, գիտական և կրթական տարբեր կենտրոնների, պետական և հասարակական կառույցների հետ համագործակցության արդյունքում իրականացվել են մի շարք դասընթացներ՝ «Հայոց պատմության», «Հայ Եկեղեցու Պատմության», «Հայկական ճարտարապետության», «Հայոց Ցեղասպանության», «Հայկական մշակույթի» և այլն թեմաներով։
2021 թվականից սկսած, ՊԶՀԱ-ն հանդիսանալով «Զբոսավարների Ասոցիացաների Եվրոպական Ֆեդերացիա» անդամ, իր առաջ խնդիր էր դրել՝ զարգացնելու իր անդամ զբոսավարների մասնագիտական հմտությունները միջազգային չափանիշների համապատասխան։
Հաշվի առնելով պրոցեսի կարևորությունն ու պատասխանատվությունը՝ 2 տարի պահանջվեց ծրագրի նախագծման, մասնագետների հետ քննարկման, մեթոդաբանության մշակման և փորձարկման համար։
Այսպիսով 2024թ․-ի հունվար-մարտ ամիսներին հնարավոր եղավ իրականացնել այս այնքան կարևոր և պատասխանատու ծրագիրը։
Հաշվի առնելով ՊԶՀԱ անդամների քանակը (մոտ 100)՝ ստեղծվեցին աշխատանքային խմբեր, և ծրագիրն իրականացվեց 3 փուլով։
Արդյունքում եռօրյա ինտենսիվ դասընթացների ընացքում վերապատրաստվեցին կազմակերպության անդամ զբոսավարների ավելի քան 90%-ը։
Դասընթացների ժամանակացույցը բավական խիտ էր և հագեցած։
Դասընթացների ընթացքում ուսումնասիրվող թեմաներն էին՝
- ՊԶՀԱ պատմություն
- ՊԶՀԱ կանոնադարություն
- Զբոսավարի էթիկա
- ՊԶՀԱ անդամների էթիկա
- Հաջողված մեկնաբանություն
- Հռետորաբանություն
- Անձի հոգեբանություն։ Խառնվածքների ու պահանջմունքների դերը զբոսավարի աշխատանքում։
- Խմբի դինամիկա
- Առաջին օգնություն
- Կոնֆլիկտային իրավիճակների կառավարում։ Հարաբերություններ գործընկերների հետ։
Դասընթացների սկզբում և ավարտին բոլոր մասնակիցներն անցան թեստավորում, ինչը հստակորեն ցույց տվեց մասնակիցների նախնական գիտելիքներն ու հմտություններն ու դրանց դրական փոփոխությունը դասընթացների վերջում։
Զբոսաշրջության ոլորտն ամենադինամիկ զարգացող և արագ փոփոխվողներից է ժամանակակից աշխարհում։ Բավական արագ են փոփոխվում նաև զբոսաշրջիկների շրջանում թիրախային խմբերը, ճամփորդությունից նրանց ակնկալիքները, ինչպես նաև զբոսավարի մասնագիտության հանդեպ ունեցած պահանջները։
Ժամանակակից զբոսաշրջության մեջ զբոսավարի դերի ամրապնդման, միջազգային զբոսաշրջության ոլորտում հայաստանյան զբոսավարների վարկանիշի և մրցունակության բարձրացման, հատկապես ՊԶՀԱ անդամ զբոսավարների պրոֆեսիոնալ կարողությունների զարգացման և ընդգծման նպատակով ՊԶՀԱ-ն հետայսու ի թիվս այլ գիտական և ակադեմիական նախաձեռնությունների, առավել մեծ հաճախականությամբ կնախաձեռնի և կիրականացնի մասնագիտական հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրեր։