Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիան փետրվարի 21-ին զբոսավարների մասնագիտական տոնի առթիվ կազմակերպել էր միջոցառումների գեղեցիկ շարք:
Անի Գրանդ հյուրանոցի «Պանորամիկ» սրահում տեղի ունեցավ հետաքրքիր պանելային քննարկում «Գինու տուրիզմ. Հայաստանի 6100 երանգները» խորագրով:
Քննարկմանը ներկա էին շուրջ 180 հյուրեր․ զբոսավարներ, տուրօպերատորներ, գինեգործարանների և գինու գաստրոբակերի ներկայացուցիչներ: Ներկաներին ողջունեցին ՊԶՀԱ նախագահ Յաշա Սոլոմոնյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Տուրիզմի կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Սեդա Աղբալյանը։
![](https://guides.am/wp-content/uploads/2024/02/123456-1024x683.jpg)
Բովանդակալից քննարկում ծավալվեց Հայաստանում գինու զբոսաշրջության զարգացման և Հայաստանը զբոսաշրջիկներին` որպես գինու հնագույն բնօրրան, ներկայացնելու հնարավորությունների մասին: Բանախոսներն էին՝ Տուրիզմի կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, տ.գ.թ.,դոցենտ, խաղողագործության և գինեգործության մասնագետ Արտակ Գաբրիելյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը, GIZ-ի կողմից իրականացվող մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասի ծրագրի խորհրդատու Սիրվարդ Ամատունին և Հայաստանի գինիներ ՀԿ-ի նախագահ Լիլիթ Գրիգորյանը: Օրվա քննարկումները ևս մեկ անգամ փաստեցին, որ Հայաստանը, լինելով գինեգործական հնագույն կենտրոն, գինու զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ ունի:
![](https://guides.am/wp-content/uploads/2024/02/ARS_2485-1024x683.jpg)
Քննարկմանը հաջորդեց ՊԶՀԱ կողմից առաջին անգամ կազմակերպված «Հայ զբոսավարների ընտրություն 2023» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում Ասոցիացիայի անդամ զբոսավարների փակ քվեարկության արդյունքում մրցանակներ տրվեցին զբոսաշրջության ոլորտի տարբեր տնտեսվարողների՝ ութ անվանակարգերում։
![](https://guides.am/wp-content/uploads/2024/02/ARS_2511-1024x683.jpg)
Պանելային քննարկումից հետո Անի Գրանդ հյուրանոցի «Արենի» սրահում հյուրերը հնարավորություն ունեցան մասնակցելու գինու ցուցահանդեսին, որտեղ ներկա էին ավելի քան քսան գինեգործարանների և գաստրոբակերի ներկայացուցիչներ, ովքեր ներկայացնում էին իրենց փաթեթներն ու ծառայությունները: Իր տեսակի մեջ յուրահատուկ էր «Գինու կազինո»-յի առաջարկած ծառայությունը:
![](https://guides.am/wp-content/uploads/2024/02/ARS_1565-1024x683.jpg)
Միաժամանակ Հանրապետության Հրապարակից մեկնարկել էր ամենամյա ավանդույթ դարձած «Արի, գնանք Երևան» անվճար Էքսկուրսիաների շարքը, որի շնորհիվ ավելի քան 200 երևանցիներ ՊԶՀԱ զբոսավարների ուղեկցությամբ նորովի բացահայտեցին մեր մայրաքաղաքը:
Այս գեղեցիկ նախագիծն ամեն տարի իրականացվում է Երևանի քաղաքապետարանի զբոսաշրջության վարչության և Բասվոյաժ ընկերության աջակցությամբ:
Երեկոյան տոնական խնջույքը ՊԶՀԱ անդամների և հրավիրված հյուրերի համար տեղի ունեցավ Ֆիլինգեր հյուրանոցում։ Երեկոն լի էր անակնկալներով և նվերներով
![](https://guides.am/wp-content/uploads/2024/02/6Y8A57-1024x683.jpg)
Շնորհակալություն ենք հայտնում մեր հովանավոր գործընկերներին՝ Ani Grand Hotel-ին, GIZ-ին, Busvoyage ընկերությանը, Felinger հուրանոցին, Հայաստանի գինիներ ՀԿ-ին, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամին, իսկ տոնական օրվա անակնկալ նվերների համար`Azaria Winery-ին, Inspire chocolate-ին, Family Care Foundation Armenian Ceramics-ին, Felinger հյուրանոցի սպա կենտրոնին, Մաճառ ռեստորանին և Linopatum-ին։