Հարգելի՛ գործընկերներ,

Ցանկանում ենք տեղեկացնել, որ ս․թ․ հունիսի 9-ից սկսել ենք ՀՀ «Հուշարձանների և զբոսաշրջային երթուղիների մաքրման» մոտ 1 ամիս տևողությամբ արշավ։

Նախագիծն իրականացվում է Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիայի կողմից՝ Աջակցություն Հայաստանին նախաձեռնության (ASI) /ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) ֆինանսավորմամբ և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ «Մի բան անենք»/ “Let’s do something” արշավի շրջանակներում:

ՊԶՀԱ-ն ամեն տարի՝ զբոսաշրջային սեզոնին ընդառաջ, նախաձեռնում է «Զբոսաշրջային շաբաթօրյակ» կամավորական արշավը, որի ընթացքում ընտրվում են տարբեր զբոսաշրջային վայրեր և հուշարձաններ և ներգրավելով ասոցիացիայի անդամ զբոսավարներին, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների՝ տվյալ տարածքներում իրականացնում է զբոսաշրջային վայրերի մաքրման աշխատանքներ։

Մեր անդամների և գործընկերների մասնակցությամբ իրականացված արշավների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումներով՝ Հղում 1 Հղում 2 Հղում 3

«Մի բան անենք» արշավի շրջանակներում իրականացվող նախագիծը հնարավորություն տվեց՝ ընդլայնել արշավի ծավալները այս անգամ ընդգրկելով ավելի շատ զբոսաշրջային վայրեր և դրա մաքրման աշխատանքներին մասնակցող զբոսավարներ և ուղեկցորդներ։

Նախաձեռնության առաջնային նպատակն է՝ ապահովել զբոսաշրջության համար ավելի մաքուր միջավայր, միևնույն ժամանակ նպաստելով COVID-19 համավարակի հետևանքով ֆինանսական եկամուտից զրկված զբոսավարների և ուղեկցորդների կարճաժամկետ զբաղվածությանը։

Արշավի մասնակիցներն ընտրվել են Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիայի կողմից՝ ապահովելով մասնակցություն ինչպես իր անդամ հանդիսացող, այնպես էլ ոլորտում գործող այլ ասոցիացիաների և ՀԿ-ների (ներառյալ մարզային) ներկայացուցիչների համար։

Նախագծի ընթացքում նախատեսվում է մաքրել մոտ 50 զբոսաշրջային վայրեր ծրագրի աշխատանքներում ներգրավված 200 և ավելի վճարովի և կամավոր զբոսավարների և ուղեկցորդների կողմից։

Ծրագրի իրականացման առաջին ենթափուլի համար պահանջվող մասնակիցների թիվը լրացել է, իսկ երկրորդ և երրորդ ենթափուլերի համար հետաքրքրված մասնակիցների հայտերի ընդունումը շարունակվում է մինչև 14․06․2020 հետևյալ հղմամբ՝ Մասնակցության հայտ

Նախագծին կարող են դիմել միայն այն զբոսավարներն և ուղեկցորդները, ովքեր հանդիսանում են ՀՀ քաղաքացի, անհատ ձեռնարկատեր են կամ գրանցված աշխատող ներգնա ուղղությունը սպասարկող որեւէ զբոսաշրջային ընկերությունում և կարող են ներկայացնել վերոնշյալ պահանջները բավարարող փաստաթուղթ՝ ԱՁ վկայական/ պայմանագիր/ ընկերության կողմից կնքված և ստորագրված տեղեկանք ։

Արշավի նկատմամբ աննախադեպ հետաքրքրությունը ոգևորիչ է մեզ համար և ստիպում է մտածել հետագայում արշավի կրկնության եւ ծավալների ընդլայնման մասին։

Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեին` աջակցության եւ համայնքային ու այլ պետական գերատեսչությունների հետ համագործակցության ապահովման համար, ինչն էապես նպաստում է մարզերում համակարգման աշխատանքների արդյունավետ իրականացմանը։

Ցանկանում ենք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ծրագրի բոլոր մասնակիցներին, կազմակերպչական թիմին ու կամավորներին, ովքեր միացել են և միշտ միանում են նմանատիպ նախաձեռնություններին։

Մենք նախ և առաջ կարևորում ենք մեր արդեն ավանդական դարձած արշավի գաղափարական հիմքը, այն է՝ զբոսավարները հանուն զբոսաշրջության զարգացման, հանուն Հայաստանի Հանրապետության զարգացման։