Մեր մոլորակին պատուհասած COVID-19 համաճարակը հարվածեց նաև մեր հայրենիքին։ Այս վիրուսը պատճառ դարձավ ոչ միայն առողջապահական, այլ նաև՝ տնտեսական և սոցիալական ճգնաժամի։ Զբոսաշրջության ոլորտն առաջիններից էր, որ զգաց համաճարակի հարվածն ու ունեցավ հսկայական կորուստներ։ Իրավիճակը, ցավոք, դեռևս չի բարելավվել և աշխարհի շատուշատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում, դեռևս պահպանվում է արտակարգ իրավիճակն ու մեկուսացման ռեժիմը։
Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան նույնպես միանում է տանը մնալու կոչին, քանի որ մարդկանց ֆիզիկական հեռավորությունը համաճարակից հնարավորինս շուտ ազատվելու արդյունավետ ուղիներից է։
Իհարկե դժվար է։
Դժվար է մեկուսանալ, փակվել չորս պատերի ներսում, հատկապես մեզ՝ զբոսավարներիս համար։
Մասնագետներ, ովքեր ի պաշտոնե սովոր են ճամփորդել, տեղից տեղ գնալ, լինել Հայաստանի տարբեր անկյուններում, և այժմ՝ տուրիստական սեզոնի ամենաակտիվ շրջանում մենք ստիպված ենք տանը մնալ՝ կրելով նաև հսկայական ֆինանսական վնաս։
Բայց մենք նաև հասկանում ենք, որ այս իրավիճակը հավերժ չէ, որ կյանքը շարունակվում է, կյանքը ՊԻՏԻ շարունակվի, և մենք դեռ շատ ու շատ արևոտ, ուրախ, լուսավոր ու երջանիկ օրեր ենք ունենալու ՄԻԱՍԻՆ։
Տարբեր երկրներում մարդիկ երգում են պատշգամբներում, իսկ մենք՝ զբոսավարներս, որոշեցինք երգել համացանցում՝ մեր ոլորտի ընկերների հետ, մեր կարոտի, սիրո ու ընկերության մասին։
Անգամ միմյանցից հեռու, բայց մենք միասին ենք, մենք հոգ ենք տանում իրար ու ուզում ենք, որ բոլորն առողջ լինեն և դրա համար նաև՝ մնան տանը։
Հավատացե՛ք, ոչ մի համաճարակ, ոչ մի ճգնաժամ չի կաող հաղթել, քանի կա կամք ու ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ։
Առո՛ղջ եղեք, սիրելինե՛րս։ Մենք դեռ կհասցնենք միասին ուրախանալ մեր այսքան սիրված աշխատանքի մեջ։
Հատուկ շնորհակալություն նաև «Արձագանք» խմբին՝ այս հավերժ բարի ու դրական երգի համար։
Տեսահոլովակը կարող եք դիտել այստեղ՝