Ապրիլի 6-ին Holiday Inn Express Yerevan հյուրանոցում տեղի ունեցավ «Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիայի» զբոսավարների պատրաստման դասընթաց-վարժանքների ավարտական միջոցառումը:

Միջոցառման ընթացքում ամփոփվեցին դասընթացի արդյունքները: Դասընթացների ակադեմիական և կազմակերպչական հարցերով պատասխանատու, ՊԶՀԱ վարչության անդամ Ռուբեն Հովսեփյանն իր ելույթում անդրադարձավ դասընթացի մասնակիցների առաջադիմությանը` կոչ անելով կանգ չառնել ներկայիս ձեռքբերումների վրա, այլ շարունակական կրթության միջոցով էլ ավելի խորացնել գիտելիքները, անընդհատ աշխատել մասնագիտական կայացման և զարգացման ուղղությամբ:

«Ամեն անգամ, երբ կպատրաստվեք որպես զբոսավար հանդես գալ երկիր ժամանած հյուրերի առաջ, հիշե՜ք անչափ կարևոր մի բան. այն, ինչ կասեք, ձեր հյուրերից շատերը կընդունեն որպես բացարձակ ճշմարտություն, նրանք կտանեն իրենց հետ այդ ինֆորմացիան ու կտարածեն: Հետևաբար դուք մաքսիմալ խորքային, ճշգրիտ և հիմնավորված պիտի տիրապետեք ձեր իսկ կողմից տրվող ինֆորմացիային: Պատասխանատվության զգացումը պետք է մեզ միշտ ուղեկցի մեր աշխատանքում»,- իր ելույթում մասնավորապես նշեց ՊԶՀԱ նախագահ Յաշա Սոլոմոնյանը:

Միջոցառմանը ներկա էին ինչպես դասընթացի մասնակիցներն ու կազմակերպիչները, այնպես էլ դասախոսներ, մշակույթի գործիչներ, դասընթացավարներ, ովքեր իրենց անմիջական ներդրումն էին ունեցել ապագա զբոսավարների մասնագիտական կայացման գործում:

Ներկա էին նաև գործընկեր-կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնավորապես «Տուրիզմ Արմենիա» ներգնա տուրօպերատորների ասոցիացիայից և ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեից:

ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը նույնպես ողջունեց միջոցառման մասնակիցներին` մաղթելով տոկունություն և հաջողություն դասընթացն ավարտող մասնակիցներին: ՀՀ զբոսաշրջության կայացման և զարգացման գործում նա կարևորեց զբոսավարների դերն ու «Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիայի» ներդրումը` որպես զբոսավարներին միավորող և ՀՀ զբոսաշրջային շուկայում պրոֆեսիոնալիզմի խթանմանը միտված կառույց:

Միջոցառման վերջում տեղի ունեցավ վկայականների հանձնման հանդիսավոր արարողություն:

Նյութի հեղինակ` Կատար Թասլակյան

Լուսանկարները` Վահագն Գրիգորյանի