Ս․թ․ դեկտեմբերի 13-15 “Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան” կազմակերպել էր հերթական տարեվերջյան ֆորումը։

Ֆորումի անցկացման համար այս անգամ ասոցիացիան ընտրել էր ՀՀ մեծությամբ երկրորդ Գյումրի քաղաքը։ Զբոսաշրջության ոլորտի աշխատակիցներն ու հատկապես զբոսավարները քաջ գիտակցում են Գյումրիի կարևորությունը ՀՀ զբոսաշրջության զարգացման համար, ինչպես նաև հստակ նկատում քաղաքի հզոր զբոսաշրջային ներուժն ու զարգացումը վերջին երկու տարիներին։ Դա էր նաև պատճառը, թե ինչու ասոցիացիայի այս տարվա ֆորումի անցկացման վայր ընտրվեց հենց Գյումրին։

Ֆորումի առաջին օրը մասնակիցներն անցկացրեցին ճանաչողակայն շրջայց հայրաքաղաքում։ Շրջայցի ընթացքում ֆորումի մասնակիցներին ուղեկցում էր ու ներկայացնում քաղաքը Գյումրիում Գերմանիայի Դաշնության պատվո հյուպատոս, Բեռլին Արտ հյուրանոցի և Շիրակ Տուրս տուրիստական գործակալության տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը, ով ֆորումի մասնակիցներին հանգամանորեն ներկայացրեց Գյումրու պատմությունն ու գողտրիկ անկյունները։

Այցի ընթացքում մասնակիցները եղան Գյումրու տիկնիկային թատրոնում։ Ծանոթացան թատրոնի պատմությանը, վերջին զարգացումներին ու թատրոնի վերածննդի տեսլականին։

Գյումրու ամենահին գարեջրի գործարանի տարածքում ֆորումի մասնակիցները ծանոթացան գարեջրագործության պատմությանը և քննարկեցին
զբոսաշրջային երթուղիներում գործարանի հետագա զարգացման ու ներգրավվման հեռանկարները ։

Շրջայցն ավարտվեց վերանորոգված Սև ամրոցում, որտեղից մասնակիցները վայելեցին երեկոյան լույսերի ու առատ տեղացող ձյան մեջ պարուրված Գյումրի քաղաքի տեսարանը։

Արդեն երկրորդ օրը Բեռլին Արտ հյուրանոցում սկսվեցին բուն քննարկումները ֆորումի շրջանակներում։ Ֆորումի առաջին մասում հանդես եկավ “Գյումրին մեր տունն է” նախագծի կորդինատոր Արսեն Վարդանյանը (Շիրակի Բազե), ով ներկայացրեց նախաձեռնության կատարած ծրագրերը՝ քաղաքի զբոսաշրջային գրավչության բարձրացման գործում։

Այնուհետև ֆորումի բանախոս, ՊԶՀԱ վարչության անդամ Ռուբեն Հովսեփյանը ներկայացրեց անցնող զբոսաշրջային սեզոնի վերլուծություններն ու վիճակագրությունը։

Այս տարվա ՊԶՀԱ եզրափակիչ ֆորումի գլխավոր թեման էր “Ասոցիացիայի անդամների պարտադիր սերտիֆիկացիան”։ ՊԶՀԱ նախագահ Յաշա Սոլոմոնյանը ներկայացրեց ասոցիացիայի պարտադիր սերտիֆիկացիայի ելակետային դրույթները, դրա կարևորությունը ՀՀ զբոսավարական դպրոցի կայացման, ՀՀ-ում զբոսավարի մասնագիտական զարգացման և առհասարակ զբոսաշրջության զարգացման գործում։

ՊԶՀԱ վարչության անդամ Կատար Թասլակյանը ներկայացրեց տարբեր երկրներում իրականացվող սերտիֆիկացիոն գործընթացների հետազոտությունների համառոտ արդյունքները, միջազգային փորձը։

Մասնակիցները տվեցին իրենց հուզող հարցերն ու արեցին առաջարկներ՝ ասոցիացիայի համար այսքան կարևոր գործընթացի կազմակերպման և անցկացման համար։

Ասոցիացիայի այն անդամներն, ովքեր տարբեր պատճառներով ներկա չէին ֆորումին, ունեին հնարավորություն ՊԶՀԱ ֆեյսբուքյան աշխատանքային խմբում ուղիղ հեռարձակման միջոցով հետևել քննարկումներին, տալ հարցեր, անել առաջարկություններ։

Մոտ 5 ժամ տևող քննարկումներից հետո ամփոփվեցին ֆորումի արդյունքները։ Արդեն հետֆորումյան շաբաթվա ընթացքում կստեղծվի ասոցիացիայի հանձնախումբ, որը կզբաղվի պարտադիր սերտիֆիկացման մշակման, հետազոտման և իրականացման գործերով։ Պարտադիր սերտիֆիկացիան ունի միտում՝ սահմանելու ասոցիացիայի անդամակցության նոր ձևաչափ, ստեղծելու և զարգացնելու մասնագիտական որակների հստակ կանոններ, սահմաններ, որոնք կդառնան պարտադիր բոլոր անդամների համար։ Ինչպես նաև կտա հնարավորություն տարեկան պարտադիր վերապատրաստման կուրսերի արդյունքում զարգացնել մասնագիտական հմտություններն ու որակները։

Ասոցիացիայի պարտադիր որակաորման վերաբերյալ ՊԶՀԱ վարչությունը մոտ ապագայում հանդես կգա հայտարարությամբ՝ հանգամանորեն անդրադառնալով նախագծի մանրամասներին, ժամկետներին ու պայմաններին։

Թեժ և արդյունավետ քննարկումներով հագեցած օրն ավարտվեց ասոցիացիայի տարեվերջյան երեկույթով։

Այս անգամ երեկույթի թեման էր “Հեռավոր 90-ականները”, ինչը ենթադրում էր և՛ համապատասխան տեսք, և՛ ժամանակաշրջանին բնորոշ երաժշտություն։

Երեկույթի ընթացքում մասնակիցները ստացան նաև հեռավոր մանկական հուշերից հայտնի ամանորյա “կուլյոկներ”, ինչը բոլորի մոտ արթնացրեց մանկական ջերմ ու բարի հուշեր։

Մեր զբոավարներն ապացուցեցին, որ իրենք ոչ միայն կարող են ողջ սեզոնին քրտնաջան աշխատել՝ ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ ու սեր առ իրենց աշխատանքը, ոչ միայն կարող են ժամեր շարունակ թեժ քննարկել իրենց ոլորտի կարգավորման վերաբերյալ թեմաներ, այլև նաև լիաթոք ուրախանալ և տոնել։

ՀԳ․ Ցանկանում ենք հայտնել մեր խորին շնորհակալությունը Բեռլին Արտ հյուրանոցի ողջ անձնակազմին՝ բարձր պրոֆեսիոնալիզմի, հոգատար ու ջերմ սպասարկման համար։ Ինչպես նաև խորին շնորհակալություն ֆորումի բոլոր մասնակիցներին։

ՊԶՀԱ վարչություն