Սույն թվականի դեկտեմբերի 19-ին Իբիս հյուրանոցում տեղի ունեցավ ՊԶՀԱ տարեվերջյան ֆորումը: Վարչության անդամները ֆորումին ներկա ասոցիացիայի անդամներին ներկայացրեցին 2021թ. ընթացքում կատարված աշխատանքների տարեկան հաշվետվությունն ու ապագա ծրագրերը, քննարկվեցին տարբեր հարցեր: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկան ՊԶՀԱ նախագահ՝ Յաշա Սոլոմոնյանը և փոխնախագահ՝ Զառա Օրբելյանը:

Մայիսին կայացած ընտրություններից հետո ՊԶՀԱ վարչությունում կազմավորվել են տարբեր բաժիններ: Յուրաքանչյուր բաժնի համակարգողը ներկայացրեց իր տարեկան հաշվետվությունը, ապագա հեռանկարներն ու պլանները:

Ռուզաննա Խաչատրյանը զբաղվում է ադմինիստրացիոն հարցերով և համակարգում է տեղեկատվական նամակագրության բոլոր հարցերը՝ կապ հաստատելով ՊԶՀԱ բոլոր անդամների հետ:

 

Անի Հայրյանը՝ Ֆինանսական և ներքին կանոնադրական բաժնի համակարգողը, ներկայացրեց տարեկան ֆինանսական հաշվետվությունը, Աննա Թումասյանը՝ Միջոցառումների բաժնի համակարգողը, 2021թ. ընթացքում կայացած ճանաչողական այցերը՝ տարբեր ժամանցի վայրեր, ռեստորաններ,  կենտրոններ և այգիներ, ինչպես նաև ներկայացրեց իր օգնականներին և հաջորդ տարվա նախատեսված ծրագրերը և հեռանկարները:

Կատար Թասլակյանը ղեկավարում է PR  բաժինը, իր թիմով ներկայացնում և լուսաբանում է ՊԶՀԱ գործունեությունն առցանց հարթակներում և սոցիալական էջերում, վերահսկում կազմակերպության Facebook-յան և Instagram-յան էջերը, ՊԶՀԱ պաշտոնական www.guides.am կայքը, որտեղ արդեն պատրաստ են ՊԶՀԱ բոլոր անդամներին անհատապես ներկայացնող էջերը։

Ռուբեն Հովսեփյանը՝ Ակադեմիական ծրագրերի պատասխանատուն, ներկայացրեց տարեկան ամփոփիչ հաշվետվությունը և 2022թ.-ի համար նախատեսված ուսուցողական ծրագրերը, որոնք կարևոր են հատկապես Արցախի հարցի ճիշտ և գրագետ ներկայացման տեսանկյունից:

Ինչպես նշեց ՊԶՀԱ նախագահ Յաշա Սոլոմոնյանը, 2022 թ-ի փետրվարի 20-ից հետո կիրականացվի «Training of Trainers» ծրագիրը, և այն հաջողությամբ ավարտած և վկայական ստացած ՊԶՀԱ անդամներն իրենց հերթին ձեռք բերած գիտելիքները կփոխանցեն ասոցիացիայի մյուս գործընկերներին: ՊԶՀԱ-ն արդեն համալրում են միջազգային թրեյնինգների մասնակցած և  թրեյների որակավորում ստացած անդամներ՝ Յաշա Սոլոմոնյանը, Արամայիս Մնացականյանը, Ռիտա Նավոյանը, Հուրի Նազարեթյանը, Սոնյա Աբրահամյանը և Տաթև Ասրյանը,  որոնց փորձն ու գիտելիքները կիսելու պատրաստակամությունը մեծապես կնպաստի ծրագրի հաջող իրականացմանը:

Ներկայացված մյուս կարևոր հարցը  ասոցիացիայի անդամների որակավորումն ու սերտիֆիկացումն է, որը նույնպես նախատեսվում է իրականացնել եկող տարում:

Անահիտ Ավագյանը՝ Միջազգային կապերի և ներդրումային ծրագրերի պատասխանատուն, ներկայացրեց վերջերս հեռավար կերպով տեղի ունեցած FEG-ի (Զբոսավարների Ասոցիացիաների Եվրոպական Ֆեդերացիա) ամենամյա գլխավոր հանդիպման մանրամասները, որին առաջին անգամ մասնակցում էր նաև Հայաստանը: 2021թ.-ի մեծ և կարևոր ձերքբերումն այն էր, որ ՊԶՀԱ-ն դարձավ Զբոսավարների Ասոցիացիաների Եվրոպական Ֆեդերացիայի (FEG) անդամ, որին ներկայումս անդամակցում են 27 երկիր:

Հարկ է նշել, որ թեև այս տարին լի էր դժվարություններով՝ կատարվել է մեծ աշխատանք, հաջողությամբ իրականացվել և մշակվում են մի շարք ծրագրեր, կան ոլորտը զարգացնելու հեռանկարներ: ՊԶՀԱ վարչության անդամների նվիրվածությունն ու աշխատանքը միավորում և ոգևորում է բոլորիս:

Նյութը գրեց և թարգմանեց Նանա Աբազյանը

Լուսանկարները Վահագն Գրիգորյանի