Ավանդույթների ուժն օգնում է շարունակել ապրել ու գործել:
Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիան արդեն 5 տարեկան է ։
Եթե հասկանալի պատճառներով հանենք մեզ համար ծանր երկու տարին, ջերմ հիշողություններով , խենթություններով լի երեք տարեկան հավաք կհիշենք մարզերում․ 2018-ին` Դիլիջանում, 2019-ին՝ Գյումրիում և 2022-ին՝ արդեն Գորիսում։ Մարզերի ընտրությունը պատահական չի կատարվում, այլ միտված է մարզի զբոսաշրջային պոտենցիալի բացահայտմանը, զարգացմանն ու աջակցմանը։
Այս տարվա համար որոշվեց, որ ֆորումը պիտի անենք Սյունիքում, օգուտ տալով Սյունիքի ենթակառուցվածքներին, որոնք ամենաշատն են տուժել վերջին իրադարձություններից։
2022-ի դեկտեմբերի 17-ի լուսաբացին նախորդել էին կազմակերպչական պատասխանատու աշխատանքները։ Դեպի Սյունիքի մարզ երկօրյա ուղևորության գլխավոր նպատակը մեր 5-ամյակի առիթով սահմանամերձ գյուղերից մեկի երեխաներին փոքրիկ տոն նվիրելն էր, որը նույնպես մեր ձևավորած ավանդույթներից է դարձել։
200 բնակիչ ունեցող Իշխանասար գյուղի դպրոցում տոնի սպասումով մեզ դիմավորեցին երեխաները։ Մեր տրամադրությունը, հոգեվիճակը բառերով չենք ներկայացնի․ իշխանասարցիներն էին մթնոլորտ ստեղծողները՝ իրենց սուղ, սահմանափակ հնարավորություններով կենսական պայմանների մեջ անգամ ուրախություններ գտնող, վառվռացող աչքերով երեխաները։ Նրանց ոգևորությունն օգնեց ուրախանալ մեզ ու նաև այն մարդկանց, որոնք մեզ հետ Իշխանասար էին ուղարկել մի բուռ ջերմություն։ Մի պահ մոռացանք իրականությունն ու էլի հավատացինք, որ սահմանը լքված չէ․ տղաներն ու աղջիկներն իրենց սարերի ամեն քարութուփը սիրում են ու տեր են՝ իշխանավայել։
Մեր ավտոբուսի հումորով վարորդը մեզ ապահով հասցրեց Գորիս։ 25 «քչախոս» զբոսավարի ճանապարհին դիմանալը հեշտ բան չէր, բայց Արտյոմը չհանձնվեց․տառապանքը փորձ ուներ)))։
Impact Hub Syunik-ը առաջին անգամ Սյունիքի մարզում կազմակերպել էր Ամանորյա տոնավաճառ, որտեղ ներկայացված էին Սյունիքի տարբեր շրջաններից ավելի քան 20 արտադրողներ, որն իհարկե բաց թողնել չէինք կարող։
Մենք տեղյակ էինք, որ մեր հյուրանոցում դեպի Արցախ տանող փակ ճանապարհի պատճառով արցախցիներ կային։ Ասոցիացիայի Զբոսավար-Ձմեռ Պապը ժպիտներ ու նվերներ պարգևեց փոքրիկներին։ 2 –ամյա փոքրիկը մի պահ վարանեց, թաքնվեց մոր ապահով մեջքի հետևում, բայց կարճ ժամանակ հետո հասկացավ, որ իրեն շատ ենք սիրում, ինքն էլ նվերները սիրեց))) ։ 4 ամսական պստոն ձեռքից ձեռք էր անցնում ու անհոգ ժպտում․․․
Երեկոյան ընթրիքին համախմբման մթնոլորտ էր։ Բոլոր զրույցները Հայաստանի, Արցախի, մեր հայրենիքի տարբեր անկյունների և մեր աշխատանքի շուրջ էին։ Մեզ բնորոշ խենթություններին այս անգամ միասնության շուրջպարով էինք փոխարինել․ ազգային, միավորող աղոթք-պարեր։
Հաջորդ օրն աշխատանքային էր․ ոլորտին վերաբերող քննարկումներ, թերությունները շտկելու մտահոգություն, վերլուծություններ, առաջիկա անելիքներ, ծրագրեր։
Սրտներս իրարով լցված, նորոգված, ուժ առած, միավորված իսկ պայուսակները Սյունիքի բերք ու բարիքով լցված, արևոտ Գորիսից վերադարձանք մշուշոտ Երևան։
Հ․Գ․ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկեր «Մինա» հյուրանոցի տնօրինությանն ու ողջ անձնակազմին` ջերմ ընդունելության համար, և «Բաս Վոյաժ» տրանսպորտային ընկերությանը` միշտ մեր կողքին լինելու և աջակցելու համար։