«ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ»
ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

“Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի” անդամը պարտավոր է հարգել Կազմակերպության կանոնադրությունն ու հետևել Կազմակերպության բարեվարքության կանոններին։

Կազմակերպության բարեվարքության կանոնները ներկայացված են ստորև ըստ բաժինների։

Կազմակերպության բարի համբավը
  • Հոգատարություն կազմակերպության հեղինակության մասին։ Սեփական քայլերով չվնասել։
  • Կազմակերպության անունն անհարկի չօգտագործել բուն մասնագիտական գործունեությունից դուրս, այդ թվում՝ շահադիտական նպատակներով։Չներկայանալ և չներկայացնել Կազմակերպությունը տեղական և միջազգային ԶԼՄ-ներում՝ առանց նախապես Կազմակերպության վարչության հետ համաձայնեցնելու։
  • Չհրապարակել Կազմակերպության ներսում տեղի ունեցող երևույթները, չդարձնել դրանք հրապարակային քննարկման առարկա։
  • Չօգտագործել Կազմակերպության մտավոր սեփականություն համարվող, ինչպես նաև Կազմակերպության հետ ասոցացվող տարբերանշանները, կարգախոսը, անդամության տոմսի նմուշը, պաշտոնական կայքը, սոցիալական էջերը և այլն բուն մասնագիտական գործունեությունից դուրս։
  • Չօգտագործել Կազմակերպության անունը, տարբերանշանն ու Կազմակերպության հետ ասոցացվող ցանկացած այլ նյութ հրապարակային ելույթներում, տպագիր տեքստերում, ձայնագրություններում տպագիր և ոչ տպագիր մամուլում՝ առանց նախապես Կազմակերպության վարչության հետ համաձայնեցնելու, անգամ եթե դրանք վերաբերում են բուն մասնագիտական գործունեությանը։
  • Հարգանքով և պատասխանատվությամբ վերաբերվել Կազմակերպության տարբերանշաններին, անդամության տոմսին, և Կազմակերպության հետ ասոցացվող այլ նյութերին։
  • Պատասխանատվությամբ և պատվով կրել Կազմակերպության անդամի կոչումը։
Մասնագիտական պատիվ
  • Գործընկերների մասնագիտական կարողություններն այլոց մոտ կասկածի տակ չդնել։
  • Չբամբասել կազմակերպության անդամների մասին, առավել ևս հրապարակային չքննարկել նրանց մասնագիտական կարողություններն ու որակները։
  • Պաշտպանել մասնագիտական պատիվը և հնարավորինս թույլ չտալ, որ ոտնահարվի գործընկերոջ մասնագիտական պատիվը։
  • Օգնել և օժանդակել Կազմակերպության անդամ գործընկերներին՝ մասնագիտական կայացման գործում։
  • Ցուցաբերել հոգատարություն և միասնականություն։
  • Ցուցաբերել օրինակելի պահվածք, կեցվածք, վեհություն, մեծահոգություն, արդարամտություն։
  • Մասնագիտական գործունեության մեջ լինել գիտահեն և օբյեկտիվ փաստերով հիմնավորված։
  • Անընդհատ խորացնել գիտելիքներն ու զարգացնել հմտությունները։
  • Լինել Կազմակերպության գաղափարների կրողն ու տարածողը։
Կայուն զբոսաշրջություն
  • Ուսումնասիրել և հետևել կայուն զբոսաշրջության ժամանակակից տենդենցներին։
  • Ցուցաբերել բացառիկ հոգատարություն բնական և պատմական հուշարձանների, մշակույթի, նյութական և ոչ նյութական ժառանգության հանդեպ։
  • Զարգացնել բնապահպանական գիտելիքները, ցուցաբերել բացառիկ հոգատարություն բնության և էկոհամակարգի նկատմամբ։
  • Աջակցել տեղի բնակչությանը՝ զբոսաշրջային արդյունքից գրագետ օգտվելու գործում։
  • Ուսումնասիրել և աջակցել զբոսաշրջային ենթակառուցվածքների կայուն զարգացմանը։
  • Մասնագիտական գործունեության ընթացքում չխաթարել այցելավայրի պատմա-մշակութային, ավանդական, բնիկ, բնական միջավայրը։
  • Պահպանել առողջ մասնագիտական հարաբերություններ զբոսաշրջային ենթակառուցվածքների աշխատակիցների, սպասարկող անձնակազմի և տեղի բնակչության հետ։
Չեզոքություն, զգայունություն
  • Մասնագիտական գործունեության և Կազմակերպության ներսում տարվող աշխատանքներին մասնակցության ընթացքում պահպանել քաղաքական չեզոքություն։
  • Ցուցաբերել բացառիկ զգայունություն և չեզոքություն կրոնական, էթնիկ — ռասսայական, սեռական, գենդերային և առողջապահական հարցերում։
  • Ցուցաբերել հանդուրժողականություն։

Հարգանքով՝ ՊԶՀԱ վարչություն