Օրացույցի վրա փետրվարի 21-ը կարևոր ամսաթիվ է ամբողջ աշխարհի զբոսավարների համար։ Այս օրը աշխարհի բոլոր զբոսավարները նշում են իրենց մասնագիտական տոնը:
Չնայած նախորդ տարին լի էր փորձություններով նաև համաշխարհային զբոսաշրջության ոլորտի համար՝ միևնույն է մենք՝ զբոսավարներս, ովքեր գրեթե մեկ տարուց ավելի է ենթարկված ենք պարապուրդի, դեռ լիահույս ենք, որ զբոսաշրջությունը վերականգնվելու է և «տուրիստ լինելու է»:
Զբոսավարի միջազգային օրվա կապակցությամբ Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան, որը միավորում է ավելի քան 120 ոլորտի մասնագետների, կազմակերպել էր միջոցառում – ընդունելություն, որին մասնակցում էին շուրջ 150 զբոսավարներ և զբոսաշրջության ոլորտի այլ աշխատակիցներ, հյուրեր: Միջոցառումն անցկացվեց Կոմիտասի թանգարան ինստիտուտի հյուրընկալ տանիքի ներքո։ Սա մի յուրահատուկ հնարավորություն էր զբոսավարների համար՝ կովիդյան և պատերազմական 2020 թվականից հետո կրկին հանդիպելու, միմյանց հետ շփվելու, մասնագիտական տոնը նշելու և ապագայի հանդեպ հույսը կրկին վերագտնելու համար։
Նման միջոցառումն ուղղակի անհնար կլիներ իրականացնել առանց ասոցիացիայի ընկեր-գործընկերների անմիջական օգնության։
Երեմյան Փրոջեքթս ընկերությունը, ԶարտՊրինտ տպագրատունը, Նոյան Տապան խանութ-սրահը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Մեքս խանութ-սրահը, Դիրարտոնյան Արտ կերամիկական ձեռագործ արտադրության բրենդն ունեցան իրենց մեծ ներդրումը հիշարժան երեկոյի կայացման գործում։
Արարատ կոնյակի գործարանն էլ իր հերթին անակնկալ նվերներ էր պատրաստել երեկոյի մասնակիցների համար:
Բացման խոսքով հանդես եկան ՊԶՀԱ նախագահ Յաշա Սոլոմոնյանը, ՊԶՀԱ փոխնախագահ Զարուհի Օրբելյանը և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի արդեն նախկին նախագահ Սուսաննա Սաֆարյանը:
Հայաստանյան զբոսավարներին տեսաուղերձով ողջունեց Զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի (WFTGA) նախագահ Ալուշկա Ռիչին:
Մեր հյուրերին սպասում էին երկու անակնկալ տեսաբացիկներ ևս.
Այս կարևոր տոնի առթիվ մեր մասնագետներին ողջունեցին աշխարհի տարբեր երկրներից, տարբեր լեզուներով զբոսաշրջիկներ։
Իսկ զբոսաշրջության ոլորտի մարզային գործընկերների ջերմ, բարի ու էմոցիոնալ տեսաուղերձները դրական հուշեր և հուզմունք առաջացրեցին մեր հյուրերի մոտ։
Երեկոյի ընթացքում հատուկ համերգային ծրագրով հանդես եկան մեներգչուհի Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը և դաշնակահարուհի Մարինա Վարդանյանը։
Այնուհետև հաջորդեց ՊԶՀԱ կողմից արդեն ավանդույթ դարձած պատվոգրերի հանձնումը գործընկերներին: Պատվոգրերը հանձնեցին ՊԶՀԱ վարչության անդամները:
Այս տարի պատվոգրեր ստացան բոլորիս հայտնի, շատ սիրված, փորձառու վարորդ Աշոտ Ղարիբյանը, ասոցիացիայի ընկեր Հակոբ Վարդանյանը, Վիլլա Այգեձոր հյուրանոցը և Երեմյան Փրոջեքթս ընկերությունը:
Երեկոն ավարտվեց խորհրդանշական ազգային ավանդական շուրջպարով: Միասնության շուրջպարը ևս մեկ անգամ միավորեց, ամրացրեց ու ոգևորեց միջոցառման մասնակիցներին:
Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան մաղթում է Հայաստանի բոլոր զբոսավարներին առողջություն, մասնագիտական նորանոր վերելքներ, ցանկանում է, որ շատ շուտով լուծվեն մեր պետության ու ոլորտի դեմ ծառացած խնդիրները, որպեսզի խաղաղ երկնքի տակ՝ մեր գործընկերները կարողանան կրկին ողջունել իրենց սիրելի հյուրերին ու ամենայն նվիրվածությամբ ցույց տալ մեր հայրենի բնությունը, մշակութային ու պատմական հարուստ ժառանգությունը։
#Տուրիստլինելուէ