Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիան զբոսավարների մասնագիտական տոնի առթիվ կազմակերպել էր գեղեցիկ միջոցառումների շարք։
Անի Գրանդ հյուրանոցում՝ «Պանորամիկ» սրահում, տեղի ունեցավ հետաքրքիր պանելային քննարկում՝ «Զբոսաշրջության մասին օրենք․ նոր մարտահրավերներ, նոր ուղիներ» խորագրով։
Քննարկմանը ներկա էին շուրջ 100 հյուր՝ զբոսավարներ, տուրօպերատորներ, ինչպես նաև տարբեր կրթական հաստատություններից ուսանողներ։ Ներկաներին ողջունեցին ՊԶՀԱ նախագահ Յաշա Սոլոմոնյանը և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Տուրիզմի կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
Բովանդակալից քննարկում ծավալվեց զբոսաշրջության մասին օրենքի շուրջ, մասնավորապես անդրադարձ կատարվեց զբոսավարների հանրույթի կողմից ոլորտում օրենսդրական և հարկային փոփոխությունների հանդեպ ունեցած վերաբերմունքին, նախաձեռնած փոփոխությունների կարճաժամկետ և երկարաժամկետ ազդեցությանը, մտավախություններին և հնարավոր դրական կողմերին։
Պանելային քննարկման բանախոսներն էին՝ Անահիտ Մկրտչյանը՝ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի զբոսաշրջության քաղաքականության վարչության պետ, Ծովինար Սարգսյանը՝ տնտեսագետ, մարքեթոլոգ, Եղիշե Թանաշյանը՝ «Ֆայվ Սթարզ Գրուպ»-ի հիմնադիր տնօրեն, զբոսաշրջության ոլորտի փորձագետ և Յաշա Սոլոմոնյանը՝ Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի նախագահ, զբոսավար։
Քննարկմանը հաջորդեց ՊԶՀԱ կողմից կազմակերպված «Հայ զբոսավարների ընտրություն 2024» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում Ասոցիացիայի անդամ զբոսավարների փակ քվեարկության արդյունքում մրցանակներ տրվեցին զբոսաշրջության ոլորտի տարբեր տնտեսվարողների՝ ութ անվանակարգերում։
Երեկոյան տոնական խնջույքը ՊԶՀԱ անդամների և հրավիրված հյուրերի համար տեղի ունեցավ Էպոս ակումբում։ Երեկոն լի էր անակնկալներով և նվերներով։ Երեկոյան ժամանցային ծրագրի շրջանակներում ասոցիացիայի անդամների համար կազմակերպվել և անցկացվել է «Բրեյն ռինգ» խաղը, որին մասնակցել են չորս թիմեր։
Շնորհակալություն ենք հայտնում մեր հովանավոր գործընկերներին՝ Ani Grand Hotel-ին և Karas Wines-ին։
Տոնական օրվա անակնկալ նվերների համար` Qare Wines-ին, Art Maria-ին, Terracotta Studio-ին, Summer and SUN-ին և «Մեր լեռները» սպորտային ճամբարին։