Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան Զբոսավարների միջազգային օրվան ընդառաջ փետրվարի 18-ին կազմակերպել էր կոնֆերանս «Զբոսաշրջությունն այսօր և վաղը. ռիսկեր և ակնկալիքներ» թեմայով:
Կոնֆերանսին ներկա էին բազմաթիվ հյուրեր, զբոսավարներ և ոլորտի պատասխանատուներ: Ներկաներին ողջունեց ՊԶՀԱ նախագահ Յաշա Սոլոմոնյանը: Բանախոսներն էին քաղաքագետ, “Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի” ղեկավար Արեգ Քոչինյանը, տնտեսական գիտությունների թեկնածու Աշոտ Պետրոսյանը, մարկետոլոգ, Marketing Surgeon կազմակերպության հիմնադիր Հերմինե Պողոսյանը, և հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լաուրա Պետրոսյանը, ովքեր հանդես եկան զբոսաշրջության մասին իրենց հետաքրքիր դիտարկումներով և արժեքավոր խորհուրդներով։
Քննարկման արդյունքում պարզ դարձավ, որ անկախ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակից և տնտեսական խնդիրներից, նոր բացահայտումների ձգտող մարդիկ միշտ ճամփորդելու են:
Քննարկումն իր ելույթով ամփոփեց և զբոսավարների մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեց ՊԶՀԱ փոխնախագահ Զարուհի Օրբելյանը:
Արդեն գեղեցիկ ավանդույթ դարձած “Արի՜, գնանք Երևան” անվճար էքսկուրսիոն շրջագայությունը մայրաքաղաք Երևանում մեկնարկեց Հանրապետության Հրապարակից : Ժամը 14:00-ից երեք ժամ շարունակ մեր արհեստավարժ զբոսավարները շուրջ 200 համաքաղաքացիների ներկայացրեցին քաղաքամայր Երևանի պատմությունն ու ճարտարապետությունը, ինչպես նաև հետաքրքիր փաստեր մեր մայրաքաղաքի և նրա բնակիչների մասին։
Նախագիծն իրականացվեց Երևանի քաղաքապետարանի զբոսաշրջության վարչության և Բաս Վոյաժ ընկերության աջակցությամբ։
Զբոսավարների մեկ ուրիշ խումբ մասնակցեց հետաքրքիր ու զվարճալի խաղ-քվեստին:
Օրվա ավարտին ՊԶՀԱ զբոսավարները և հյուրերը մասնակցեցին գեղեցիկ երեկույթին , որը լի էր բազմաթիվ հաճելի անակնկալներով:
Մենք լիահույս ենք, որ զբոսաշրջությունն այս հարափոփոխ աշխարհում շարունակելու է մնալ նոր բացահայտումների ձգտող և աշխարհը նորովի բացահայտել ցանկացող մարդու կարևոր պահանջմունքներից մեկը ,իսկ Հայաստանն ամեն տարի իր հյուրընկալ դռներն է բացելու նոր զբոսաշրջային շուկաների համար :