2021թ․ նոյեմբերի 6-ին Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան Արցախի հանրապետության Էկոնոմիկայի և Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի Զբոսաշրջության վարչության նախաձեռնությամբ իրականացրեց փոքրիկ ճանաչողական այց զբոսավարների, ներքին զբոսաշրջության օպերատորների, ինչպես նաև երիտասարդ բլոգերների համար՝ ծանոթանալու, ուսումնասիրելու և լուսաբանելու Արցախի՝ շատերի համար դեռևս անհայտ, քիչ այցելվող, բայց իրենց կարևորությամբ դասական տուրերի մեջ ներառված տեսարժան վայրերին չզիջող վայրերը։
Ասել՝ տպավորիչ էր, նշանակում է ոչինչ չասել։ Այցը խորը աշնանն էր, և անծայրածիր լեռների լանջերին թիկնած ոսկեզօծ անտառների խորհրդավորության մեջ թաքնված հուշակոթողներն աննկարագրելի հմայք էին ստացել՝ իրենց այցելուներին սպասելիս։ Առաջին հայացքից սովորական գյուղ թվացող Աստղաշենում գտնվող բրածո մանր աստղիկներն իրենց անչափելի հնությամբ վկայում էին տարածքի՝ միլիոնավոր տարիներ առաջ ջրով ծածկված լինելու մասին՝ երբեմնի հարուստ ֆլորայով և ֆաունայով։
Արցախի մի ուրիշ կոլորիտային կտորի՝ Պատարայի բնության գեղեցկությունը նկարագրելիս նույնիսկ հարուստ բառաֆոնդն է խեղճանում. այն ուղղակի պիտի տեսնել, զգալ, ապրել… Հակոբավանքն այցելության պահին ընկղմված էր թանձր մառախուղի մեջ՝ իր ողջ վեհությամբ ու խորհրդավորությամբ։ Սա այն վայրերից է, որտեղ կարելի է կտրվել ու մեկուսանալ ամբողջ աշխարհից։
Մի բան հստակ է. Արցախի զբոսաշրջային գրավչության վերաբերյալ տեղեկատվության ձևավորումն ու ներկայացումը պիտի լինի հետպատերազմյան ու համավարակային ժամանակահատվածում զբոսաշրջության խնդիրների հաղթահարման և ոլորտի վերականգման ու զարգացման առաջնահերթություններից մեկը։ Եվ յուրաքանչյուր՝ թեկուզ փոքրիկ քայլերը կարող են ու պետք է լինեն նախադեպ և խթան։

Հեղինակ՝ Մելանյա Հակոբյան

Լուսանկարները՝ Վահագն Գրիգորյանի

Անգլերեն թարգմանությունը՝ Մանե Հարությունյանի