Սույն թվականի մայիսի 27-ին տեղի ունեցան ՊԶՀԱ վարչության անդամների ընտրությունները` ղեկավարվելով հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով և ՊԶՀԱ Կանոնադրության 6-րդ մասի դրույթներով։ Գործող վարչությունն ընտրվել էր 2018 թվականին, և նախատեսվում էր ընտրություններ անց կացնել 2020 թվականին, սակայն, համավարակով և Արցախյան պատերազմով պայմանավորված, ընտրությունները տեղի ունեցան այս տարվա մայիսի 27-ին։
Ընտրություններից 20 օր առաջ ՊԶՀԱ բոլոր անդամները ստացել էին ընդհանուր ժողովի հրավիրման մասին ծանուցում՝ ՊԶՀԱ Վարչության անդամների ընտրման օրակարգով, և տեղեկացվել էին, որ կարող են առաջադրել թեկնածուներ վարչության անդամի, փոխնախագահի և նախագահի պաշտոնում կամ ինքնաառաջադրվել։ Ընդհանուր ժողովի ժամանակ գործող վարչության անդամները ներկայացրեցին անցած տարիների ընթացքում կատարված աշխատանքները, խոսեցին հետագա ծրագրերից և նախագծերից։ ՊԶՀԱ անդամները քննարկեցին նաև իրենց հուզող հարցերը։
Ընդհանուր ժողովին ՊԶՀԱ 110 անդամներից ներկա էին 56-ը` ապահովելով քվորում։ Առաջադրված և ինքնաառաջադրված անդամների մի մասը ներկայացրել էին ինքնաբացարկ, այսպիսով մնացել էին հետևյալ թեկնածուները` ՊԶՀԱ նախագահի թեկնածու Յաշա Սոլոմոնյան, ՊԶՀԱ փոխնախագահի թեկնածու Զարուհի Օրբելյան, ՊԶՀԱ վարչության անդամի թեկնածուներ Անի Հայրյան, Կատար Թասլակյան, Ռուբեն Հովսեփյան, Ռուզաննա Խաչատրյան, Աննա Թումասյան և Անահիտ Ավագյան։ Ընտրողների ձայների մեծամասնությամբ վերոնշյալ բոլոր անդամները վերընտրվեցին իրենց պաշտոններում։ Ընտրություններից հետո ՊԶՀԱ նախագահ Յաշա Սոլոմոնյանը մեր անդամ Սոնյա Աբրահամյանին նշանակեց ՊԶՀԱ քարտուղարի պաշտոնում։